Նրանք հայտնվում են անհետացողի նրբաշարժությամբ,
հարափոխիկ են կերպ ու նայվածքով,
այլաբան հաճախ, տարըմբռնելի,-
Տիրո՞ջ, թե՞ նեռի հորդորն են բերում լրամշակված,
երրորդ աչքով են լոկ ընթեռնելի նրանց ընթացքի
թղթերը գաղտնի - երբ լուսնի մաշկը վառվում է նույնպես
և ճերմակ հուրն է մտնում քարացող ժամանակի մեջ,-
ահա փութաջան մունետիկները հապաղում են և
սեղմում լեզուները ինքնասաստումով.-
լազուր երկնքին սև են ներշնչում ձայնացրիչով,
անդորրի ոգուն՝ սադրում ակամա և ողբ հարուցում
արդեն ուժահատ եղերամայրերի լեղակ շուրթերին:
Կիրք են փախցնում քարացածներից:
Պարտքեր են դիզում
համբարձվածներին՝ նրանց մարմնեղեն հուշը լուծելով
կանաչ ջրերում: Ձևավորում են ճակատն ամբոխի
և խանդավառում նրան գերզրո ավանդահաշվով:
Երազկոտներին հուշում են պառկել դրոնների տակ:
Լքվածների նուրբ երեսն են շփում փշոտ լռությամբ...
-Ոչ մի ավետիս չես գտնի նրանց թղթապանակում,-
մունետիկները շրջվում են անտես թելադրողից
և տեսագրում անպատկերելին.-
մոլի կյանքի հետ զոհյալն է կնքում ուխտը դաշնության:
Ընկած աստղի հետ հողն է մերձենում -
մեռյալ աստղերով ծանրաբե՜ռ երկիր:
Խոսուն ոսկորներ՝ սյունաշարի պես հեռահար ձգված:
Մահաշունչ փրկիչ: Թմրավերնատուն:
Սարդոստայն օթյակ:
Կալանավորված սուրբ ու հրեշտակ:
Վհուկների տոն:
Պագշոտ փոխնակ մայր:
Սնամեջ կուռքի երկրպագությամբ
տռուզ պահազոր:
Տուրևառության շքահանդես, ուր
գնողունակ են նաև ունեզուրկ գործակալները:
Ոխակալ սահման: Հերձված գետահուն:
Լեռան մենություն: Լեռան որբություն:
Լեռան տերություն և անտերություն:
Լեռան հայրություն և անժառանգություն:
Դաշտի միմիկրիա: Էպիլեպտիկ դաշտ:
Ամուլ ճաճանչներ՝ բաց հարթակներին ընկերվարական:
Մատնիչների որջ: Ճիվաղի բունկեր:
Աղբանոցներից կանչող վիժվածքներ:
Հուդաների երթ՝ սրբավայրերով: Բանալի ոճիր:
Մզված երազներ: Խաղամոլ երկիր: Բորբոսնած կնիք:
Սերմնահեղուկով մերսվող աղանդներ:
Քաղսեքսոլոգիա՝ G7-G20 ձևաչափերով:
Հոգու անդունդում կորած լեռնաշխարհ:
Դրախտը կիզող խև ու ազրայիլ, և երկնքից կախ՝
ժամճոճանակի հանգույն օրորվող խաչեր ոսկեհուռ...
Մունետիկները անխոս կանգնել են խուլ երկնքի տակ,
նրանց թիկունքին ավետաբերն է սսկվել գլխահակ:
22.05.2023
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)